Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 25,05
A A
Սպորտ

Ֆրանսիական ակումբը մտադիր է 25 տարով վարձակալել Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան

Այսօր Արմավիրում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Օրակարգում եղել են Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը:

Գործկոմն որոշեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը:

ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ առաջարկն արժանացավ Գործկոմի անդամների հավանությանը և որոշում ընդունվեց՝ առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին:

ՀՖՖ Գործադիր մարմինը որոշեց անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին:

Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ նոր հաստիքացուցակը և Ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի):