Բացել լրահոսը Փակել լրահոսը
001(1)
A A
Հասարակություն

ԿԳ նախարարը նկատողություն արեց Չեխովի դպրոցի տնօրենին (տեսանյութ)

Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրները անհանգստությունների տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում  բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: 

«Պետությունը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք առաջին հերթին բխում են գործընթացներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, արդարությունը վերակագնելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու համար:Խնդրում և պահանջում եմ,  որպեսզի լինեք պետության և համայնքի առաջադրած խնդիրների հավասարազոր կրողն ու գործընթացների պատասխանատուն»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

Առաջին դասարանցիների ընդունելության փոփոխված կարգի մասին խոսելիս էլ նշվեց համակարգում առաջացած խնդիրը, որի պատճառով ծնողները կարճ ժամանակ չեն կարողացել գրանցել երեխաներին, վերացվել է: Առցանց տարբերակով հերթագրված երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցներն էլ պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը:

«Ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց՝ ասում եք փին- կոդերը բերեք: Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստական խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունեք, բայց այդպես մի արեք»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել՝ խնդրով, որ իրենց նախընտրելի դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական:

«Երևանի քաղաքապետարանում պետք չի փնտրել հարցերի պատասխաններ, որոնք չեք ստացել ԿԳՆ-ում և հակառակը, որովհետև այս երկու կառույցները սերտ համագործակցում են, և ունեն մեկ ընդհանուր քաղաքականություն: Մենք այլևս չենք կարող միջամտել մի գործընթացի, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, և պետք է չէ փնտրել այլ միջոցներ»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:

«Մենք պետք է դուրս գանք, այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխիկ դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարևան, իշխանության միջնորդությամբ: Այդպես այլևս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր լիմիտները սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում և ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասաց է ԿԳ նախարարը:

Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց:

Հերթագրման նոր կարգի հետ կապված մի խնդիր էլ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնում և խնդրում այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Հանդիպմանը խոսվեց նաև դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ու խորհրդի նախագահի ընտրության մասին: Նշվեց. նիստերը չեն կարող անցկացվել մի քանի րոպեում, և չեն կարող միշտ նախագահներ ընտրվել դպրոցի փոխտնօրենները կամ էլ դպրոցի անձնակազմից որևէ մեկը: Կառույցի գործառույթները նախարարությունը նախատեսում է ընդլայնել: Կընդլայնվեն նաև ծնողների պարտավորությունները՝ այդկերպ հեշտացնելով դպրոցների գործը: Բարեփոխումները գործնական փուլ կմտնեն արդեն հաջորդ ուսումնական տարում: Մինչ այդ, առջևում «Վերջին դասն» է: Տնօրենները ևս մեկ անգամ զգուշացվեցին՝ լինել ուշադիր և բացառել դրամահավաքության ցանկացած դեպք ու անգամ փորձ: