Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff mrcavar 21.05.
A A
Սպորտ

«Լոռի» - «Փյունիկ» սկանդալային խաղի մրցավարը որակազրկվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեում այսօր կայացել է նիստ, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ակումբի առարկությունը մայիսի 20-ին կայացած «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման երկու դրվագների, ինչպես նաև երկրորդ խաղակեսին փոխհատուցված խաղաժամանակի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դիտելով նշված խաղային իրավիճակների տեսագրություննները և հաշվի առնելով հանդիպման տեսուչ Աշոտ Հարությունյանի՝ հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքին տված անբավարար գնահատականը (7.9), ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամները եկան հետևյալ եզրակացության.

1) Հանդիպման 86-րդ րոպե - մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ որոշում` չնշանակելով 11 մետրանոց հարված:

2) Հանդիպման 89-րդ րոպե - տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է ճիշտ որոշում` չարձանագրելով գոլը, քանի որ դարպասի ետևում գտնվող տեսախցիկի կրկնապատկերում պարզ երևում է, որ խաղային դրվագում «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստը կասեցնում է գնդակը անբնական դիրքում գտնվող ձեռքով, որից հետո գրավում է մրցակցի դարպասը:

3) Երկրորդ խաղակեսին փոխհատուցված ժամանակը համապատասխանում է խաղակեսի ընթացքում կորսված ժամանակին:

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ կայացվեց հետևյալ որոշումը.

Դեպքի առիթով սկսել ներքին քննություն, մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:

Ի դեպ, 11մ հարվածի դրվագի հետ կապված մրցավարը հեռացրել է «Փյունիկի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանին, ուստի կարծում ենք ՀՖՖ կարգապահական կոմիտեն պետք է չեղարկի այն եւ չպատժի մարզչին: