Բացել լրահոսը Փակել լրահոսը
HYD
A A
Քաղաքականություն

«Դրոշի այրելն ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ, այլ՝ տարիներ տևող թուրքական ժխտողականության» (տեսանյութ)

Իբրև Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության խորհրդանիշ, դրա դեմ բողոքի արտահայտություն այրում ենք Թուրքիայի Հանրապետության դրոշը. Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ամեն տարի ապրիլի 23-ին ջահերի երթից առաջ թուրքական դրոշի այրման արարողությանը։

ՀՅԴ-ականի խոսքով՝ այս տարի այրելուց հետո, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այս քայլի դեմ  որոշ շրջանակներ կազմակերպված արշավ էին սկսել սոցիալական ցանցերում։

«Կառավարման համարկարգի մի պաշտոնյա, առնվազն մեկը, հայտարարեց, որ Թուրքիայի Հանրապետության դրոշ այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, և դա ոստիկանության կողմից պետք է դիտվի որպես հանցագործություն»,- մանրամասնեց նա։

Մանուկյանի համար անհասկանալի էր որոշ քաղաքացիների այդպիսի արձագանքը։ «Ես որպես ՀՀ քաղաքացի, շարունակելով երտասարդների՝ դրոշ այրելու քայլը, հիմա այրում եմ ԹՀ դրոշը»,- ասաց նա և այրեց թղթե դրոշը։

Լրագրողը հիշեց, որ տարիներ առաջ 2010-11 թթ. ջահերով երթի օրը պետք է հանդիպեր թուրք լրագրողների։ Վերջիններս  հենց դրոշի այրման պահին էին եկել և տեսնելով՝ այլայլվել էին, սակայն Մանուկյանը թուրքերենով բացատրել էր, որ այս քայլն ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ, այլ՝ տարիներ տևող թուրքական ժխտողականության։