Բացել լրահոսը Փակել լրահոսը
israyel
A A
Քաղաքականություն

Փաշինյանը առաջիկա ամիսների ընթացքում միգուցե այցելի Իսրայել. հրեագետ

 «Ժամանակն է եկել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը». իր թվիթերյան էջում ապրիլի 24-ին գրել էր Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) «Կապույտ եւ սպիտակ» դաշինքի պատգմավոր Յաիր Լապիդը։ Ինչպես նաև նշել էր, որ այս հարցով շրջանառության մեջ կդնի օրենքի նախագիծ՝ հույս ունենալով, որ կոալիցիոն ուժերը կաջակցեն։

«Կարող է որոշակի դրական տեղաշարժ ունենալ, եթե կարգավորվի հենց հայ-իսրայելական քաղաքական օրակարգում, երկկողմ հարաբերություններում», - այս կապակցությամբ ասաց հրեագետ, միջազգայնագետ Կարեն Վերանյանը։

Ըստ միջազգայնագետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր ժամանակներում Քնեսեթում բարձրացվել է՝ պայմանավորված լինելով այլ երկրների հետ հարաբերություններով, իսկ այս պարագայում՝ Թուրքիայի հետ։

Մի քանի տարի առաջ նույնպես, ըստ Վերանյանի, այս հարցը բարձրացվել էր Քնեսեթում, քանի որ սրվել էին թուրք-իսրայելական հարաբերությունները, սակայն դրական լուրջ տեղաշարժեր չէին գրանցվել։ Նա նշեց, որ դեռևս Իսրայելում նոր կառավարություն չի ձևավորվել, և այս խնդրով Իսրայելի նախագահի հետ բանակցային փուլը դեռևս ընթանում է։

Իսկ եթե Հայաստանի և Իսրայելի միջև արդյունավետության և պրագմատիկ շահերի տեսանկյունից օրակարգը ձևավորվի, հրեագետի խոսքով, ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման հնարավորությունները տեսանելի կլինեն։

«Մասնավորապես խոսվում էր, որ կառավարության ձևավորումից հետո միգուցե առաջիկա ամիսների ընթացքում Փաշինյանը այցելի Իսրայել։ Այս տեսանկյունից, երբ շոշափելի քայլեր ձեռնարկվեն հարաբերությունների որակը բարձրացնելու առումով (օրինակ՝ ռեզիդենտ դեսպանների փախանակման հարցն է դրված), լավ հիմքեր, նախադրյալներ կարող են լինել հետագա տարիների ընթացքում նաև Քնեսեթում ցեղասպանության կապակցությամբ դրական ու գործնական լուրջ քայլեր արձանագրելու համար»,- եզրափակեց նա։