Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ / VIDEO /

Հասարակություն

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը րոպեներ առաջ արնաշաղախ, ծեծված, կիսամերկ տեղափոխվեց հիվանդանոց:

Ժամը 20-ի մոտ, այն պահին, երբ Էդիկ Բաղդասարյանը աշխատանքից հետո` Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից պատրաստվում էր տուն գնալ, նրա վրա հարձակվել են 3 անհայտ անձինք:

«Մոտեցա մեքենայիս, 3 հոգի արդեն ինձ էին սպասում, առանց որեւէ բառ ասելու հարձակվեցին վրաս ու սկսեցին հարվածել»,- «Ա1+»-ին պատմեց Էդիկ Բաղդասարյանը:

Նա դիմադրել է այնքան, մինչեւ նրանցից մեկը քարով հարվածել է գլխին, որին հաջորդած առատ արյունահոսությամբ էլ ավարտվել է ծեծկռտուքը: Էդիկ Բաղդասարյանը վազել է դեպի շենք` խնդրելով` շտապօգնություն կանչել:Իսկ նրա վրա հարձակվողները փախուստի են դիմել:

Նրա վրայից պոկել եւ տարել էին վերնաշապիկը եւ խմբագրությանը պատկանող թանկարժեք ֆոտոխցիկը:

Դեպքից անմիջապես հետո Էդիկ Բաղդասարյանն «Ա1+»-ին ասաց, որ իրեն վերջին շրջանում ոչ ոք չի սպառնացել, ուստի դժվար է կողմնորոշվել, թե հարձակումն ով է կազմակերպել:

Դեպքի վայր ժամանած Շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնություն ցույց տվեցին եւ նրան տեղափոխեցին Նոր -Նորքի հիվանդանոց: Բժիշկները կասկածում են, որ լրագրող Էդիկ Բաղդասարյանը կարող է ուղեղի ցնցում ստացած լինել:

Դեպքի վայր էին ժամանել նաեւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները: