Խոզի գրիպ. Առայժմ միայն կասկածյալ

15:12 | Նոյեմբեր 09, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում  խոզի գրիպի /A/H1N1/ վարակի կասկածելի դեպք է հայտնաբերվել:

Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ, Խոզի գրիպի դեմ պայքարի Օպերատիվ հանձնաժողովի նախագահ Հայկ Դարբինյանը:

Նրա խոսքերով «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 3 կասկածելի դեպք:

 2-ը ուղեւորները Հայաստան են եկել  Մոսկվայից, իսկ  մեկը' Դնեպրոպետրովսկից: Երկու ուղեւորները Էջմիածինից են եղել, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ Դնեպրոպետրովսկից եկողը'  իրանցի է:

 «Կա կասկած,որ այնտեղ առկա է խոզի գրիպ, բայց հասկանալի է, որ դա ընդամենը կասկած է: Այն պետք է հաստատվի տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիայում, որը գտնվում է Լոնդոնում: Պետք է պրեպարատները ուղարկենք այնտեղ, եւ երբ կունենաք դրական պատասխան, կանենք համապատասխան հայտարարություն»,- ասաց  Հայկ Դարբինյանը:

Կասկածյալները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Իրանցին արդեն բուժվել է եւ շուտով դուրս կգրվի, իսկ մնացած երկուսը դեռ բուժման մեջ են:

Չնայած դեռ խոզագրիպի պատվաստանյութը Հայաստան  կհասնի նոյեմբերի վերջերին, սակայն մենք, ըստ Հայկ Դարբինյանի, կկարողանանք պաշտպանվել,  քանի որ ունենք եւ հնարավորություն, եւ մեթոդներ եւ  անհրաժեշտ քանակությամբ  մահճակալներ. «Աստված չանի, որ լինի նման բռնկում, մենք պատրաստ ենք»:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին. «Վախենալու, առավել եւս խուճապի մատնվելու առիթ  չկա: Ուղղակի պետք է քիչ շփվել  եւ պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես սովորական գրիպի ժամանակ»:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալը նաեւ հավաստիացրեց, որ հսկողության տակ են պահում մանկապարտեզներն ու դպրոցները:

Արխիվ
Rambler's Top100