«Արմենալ»-ում ամեն ինչ կարգի՞ն է

20:19 | Մարտ 12, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ա1+»-ը ստացել էր ահազանգ, որ փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» գործարանում տեղի են ունեցել կրճատումներ:
Խմբագրություն դիմած գործարանի մի շարք աշխատակիցներ վստահեցնում էին նաեւ, թե մինչ կրճատումները նվազեցվել է նաեւ շատերի աշխատավարձը:

Մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեցինք «Արմենալ» գործարանի մամուլի ծառայությունը:

Գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը մեզ ուղարկված գրավոր պատասխանում մասնավորապես նշել է, որ «Արմենալ» գործարանում տեղի չեն ունեցել ու չեն ունենում աշխատատեղերի մասսայական կրճատումներ: Նա նաեւ ընդգծել է, որ առանձին պաշտոնների առումով կրճատումները տեղի են ունենում զուտ օպտիմալացման շրջանակներում, որը գոյություն ունի բոլոր գործող ձեռնարկություններում:

Ըստ Ալեքսանդր Մելքումյանի ներկայացրած տվյալների` եթե 2009թ. հուլիսին «Արմենալ»-ում աշխատում էր 665 մարդ, ապա այսօր անձնակազմի թիվն անցնում է 720-ը: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա 2008թ.-ի համեմատությամբ դրանք 2009թ.-ին 12 տոկոսով բարձրացել են: Արդյունքում, միջին աշխատավարձը 2009թ.-ին կազմել է մոտավորապես 185 հազար դրամ, իսկ առանձին դեպքերում այդ ցուցանիշը բարձրացել է մինչեւ 200 հազար դրամ:

Ալեքսանդր Մելքումյանը նաեւ նշել է, որ գործարանն այս պահին աշխատում է իր ողջ թափով: Ըստ նրա` «չնայած տնտեսական ճգնաժամի ավարտի մասին դեռ վաղ է խոսել, բայց այն ընդհանուր առմամբ բացասական չի ազդել գործարանի աշխատանքի վրա»:
Պատճառն, ըստ նրա` այն է, որ «Արմենալը» հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ գործարանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում: «Արմենալ»-ի փայլաթիթեղն արտահանվում է Մերձավոր Արեւելքի պետություններ, Եվրոպա, ԱՄՆ եւ Աֆրիկա: Իսկ Հայաստանում արտադրանքի ծավալի իրացումը 1 տոկոսից չի անցնում, որը պայմանավորված է տեղական շուկայի փոքրածավալությամբ:

Այս ընթացքում գործարանի արտադրողականությունը նրա ասելով` աճել է ավելին քան 2 անգամ: Բացի այդ, 2009թ. բարելավելով տեխնիկատնտեսական ցուցանիշները` ավելի քան 60 տոկոսով նվազեցվել է արտադրանքի ինքնարժեքը: Արդյունքում 2009թ. «Արմենալ»-ը, ըստ Ալեքսանդր Մելքումյանի` արտադրել է 21 500 տոննա փայլաթիթեղ, որը 83,5 տոկոսով ավելի է 2008թ.-ից:

 

Արխիվ
Rambler's Top100