Ցույց քաղաքապետարանի մոտ

19:44 | Փետրվար 08, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գարեգին Նժդեհ» հրապարակի հարակից տարածքում բացօթյա առեւտուր անողներն այսօր այդպես էլ չկարողացան հանդիպել Գագիկ Բեգլարյանին:

Նրանք հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ եւ պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ:

Արդեն 2 ամիս է, ինչ քաղաքապետի կողմից արգելվել է բացօթյա առևտուրը: Իսկ մի քանի օր առաջ ապամոնտաժվել են տաղավարները, որտեղ վաճառականները կազմակերպում էին իրենց առևտուրը:

Վաճառողներից Արմենը, որը հագուստ է վաճառում, նշեց. «Հունվարի 4-ից սնունդ ու մթերք վաճառողներին թույլ չէին տալիս աշխատել, հիմա հերթը մեզ հասավ: Անցած շաբաթ էլ եկան, ու հենասյունները կտրեցին, հիմա չգիտեմ ինչ եմ անելու:Օրվա հացի փող էլ չեն թողում աշխատել»:

Մի կին, որը չներկայացավ, նշեց. «Մենք քաղաքապետ ենք ընտրել, որ մեզ օգնի, ոչ թե դուրս հանի մեզ մեր տարածքից»:

Դիմեցինք Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանին. «Երևանում քիչ թվով հրապարակներ կան, որտեղ առևտուր են իրականացնում: Մենք նրանց առաջարկում ենք ավելի հարմար պայմաններով տեղափոխվել փակ շուկաներ, նրանք չեն համաձայնվում: Տվյալ տարածքում չկան համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ, սանհանգույց; Փոխարենը կողքը կա կիսադատարկ մի շուկա, որտեղ և առաջարկում ենք տեղափոխվել նրանց» :

Նշենք,որ առեւտրականները վաղը եւս ծրագրում են բողոքի ցույց անցկացնել քաղաքապետարանի դիմաց:

 

Արխիվ
Rambler's Top100