Ապրիլի 6-8-ը Հայաստանում կկայանա մարդու իրավունքներին նվիրված «Արդարադատություն, Նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովը: Այն կազմակերպվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ (նստավայրը Փարիզ)։ Առաջիկայում սպասվող համաժողովին մասնակցելու են ավելի քան 300 երկրներից ժամանող պատվիրակներ, ինչպես նաև եվրոպական կառույցները ներկայացնող ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս օրերին Հայաստանում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը՝ նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ:
Սուեր Բելասենը hra.am-ին տված հարցազրույցում ասել է, թե արդարադատության իրականացումը Հայաստանում շարունակում է մնալ որպես հիմնական խնդիր: Բացի այդ. «Ե'վ Հայաստանում, և' մյուս երկրներում թիվ մեկ պրոբլեմը, որի դեմ մենք պայքարում ենք, անպատժելիությունն է: Բացի այդ, մեզ համար կարևոր խնդիր է, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին արդար վերաբերմունքի արժանանալ դատարանի կողմից: Եվ վերջապես՝ արդար դատարանը մեր վերջնական նպատակն է, ինչը ներառում է ամեն բաղադրիչ' փաստաբանական ծառայություն, վճիռ, կողմերի հավասարության ապահովում և այլն:
Մարտի 1-ից հետո իրավիճակը Հայաստանում՝ կապված հանրահավաքների ազատ անցկացման խոչընդոտների ու մարդկանց ազատազրկման դեպքերի հետ, իհարկե, անհանգստացնող է։ Պետք է ձգտել վերականգնել ազատ արտահայտմանն ուղղված այն իրավիճակը, որ եղել է մինչև մարտի 1-ը, և վիճակն անհամեմատ կբարելավվի այդ առումով։
Մենք դարձյալ պիտի անդրադառնանք մարտի 1-ի դեպքերին։
Այս դեպքում նույնպես գործ ունենք արդարադատության չիրագործման հետ։ Զոհվել է տասը մարդ, սակայն բոլորին է հայտնի, որ նրանց սպանության գործով ոչ ոք ձերբակալված չէ: Մենք կխոսենք նաև մարտի 1-ի դեպքերի հետևանքով ազատազրկված այն տասը մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր չեն կատարել ծանր հանցագործություններ. սակայն այս պահին ազատազրկված են. նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է, ով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Մոտ երկու ամիս հետո կմեկնարկի միջազգային համաժողովը, և Հայաստանի իշխանությունների շահերից է բխում կատարել ցանկացած դրական փոփոխություն արդարադատության համակարգում: Համաժողովին նախապատրաստվելով' մենք, բնականաբար, հետևում ենք արդարադատության վիճակին Հայաստանում և քննարկում դրա վրա ներազդելու տարբեր մեխանիզմներ»,-ասել է նա:
Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Սերժ Սարգսյանին:

