Երեւանում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը տեղացած ձյունը գրեթե անանցանելի էր դարձրել մայթերն ու գետնանցումները: Չնայած Երեւանի քաղաքապետարանի պնդմամբ` փողոցների մաքրմանը զուգահեռ` մաքրվել են նաև գլխավոր բոլոր փողոցների մայթերը:
«Ոչ էլ քաղաքի կենտրոնական մասերն են մաքրում: Ամբողջ մայթերը ձյուն են, փողոցները` ջրափոսեր»,-ասաց Կենտրոն վարչական շրջանի բնակիչ Վարդանը:
Այս գիշեր Երեւանի փողոցները մաքրելու համար օգտագործվել է 214 տոննա աղ և 495 խմ ավազ: Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության` ձյունը մաքրելու համար գործի է դրվել 253 միավոր տեխնիկա: Գիշերն աշխատել են կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների 300 աշխատակիցներ:
Սակայն երեւանցիների մի մասը, ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, այնքան էլ գոհ չէր:
« Տեղ-տեղ մաքրում են, բայց բանուկ տեղերում պետք է մաքրվի:Մարդիկ կընկնեն եւ ջարդուփշուր կլինեն»,-ասաց տիկին Անահիտը:
Կային նաեւ քաղաքացիներ, որոնք կարծում էին, որ շնորհիվ սանմաքրման ձեռնարկությունների գիշերային աշխատանքի` փողոցներն առավոտյան երթեւեկելի էին:
Ի դեպ, կեսօրին հալված ձյունը մի այլ խնդիր էր առաջ բերել: Հետիոտները չէին կարողանում օգտվել գետնացումներից, քանի որ դրանք պարզապես վերածվել էին ջրափոսերի:
«Ստիպված այս մեծ ջրափոսի միջով պետք է անցնեմ: Հակառակ դեպքում կխախտեմ օրենքը եւ կտուգանվեմ»,- ասաց Խանջյան փողոցի գետնացումից օգտվող մեկը, որը տաբատը վեր բարձրացած` անցավ ջրի միջով:

