Մտավախություններ են հնչում, որ դրանք կարող են երեխաներին վախ եւ ագրեսիա ներարկել:
Աննա Կանդելակի, Թբիլիսի
Վրաստանում երեխաները կսկսեն հաճախել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարած ծրագրի շրջանակներում անցկացվող «ռազմա-հայրենասիրական» դասերի, որոնք նպատակ ունեն նրանց երկրի դեմ ապագա հարձակումներին նախապատրաստրաստելու:
Վերջերս Բաթումիում ուսուցիչների հետ անցկացրած իր զրույցի ժամանակ Սահակաշվիլին նշել էր, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմը ցույց էր տվել, որ երեխաները պետք է պատրաստված լինեն դրան: Սակայն ուսուցիչները եւ փորձագետները մտահոգվում են, որ դասերը կարող են միայն ագրեսիա բորբոքել եւ ոչ մի օգուտ չտալ:
«Ռազմա-հայրենասիրական կրթությունն անհրաժեշտ է, որպեսզի երեխաները գոնե գիտելիքներ ստանան իրենց երկրի մասին: Եթե սա կրկին պատահի, վրացիները պետք է կարողանան պաշտպանել սեփական գյուղերը եւ շրջանները, - հայտարարել էր նա,-
Վրաստանում կստեղծվի երկրի պաշտպանության համակարգ, որի մեջ կընդգրկվեն բոլոր քաղաքացիները: Ընդամենը 16, 20 կամ 22 հազար զինվորները չեն կարող պաշտպանել 5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը»:
Կրթության նախարար Դմիտրի Շաշկինը, ավելի ուշ խոսելով ուսուցիչների հետ, մանրամասնել էր ծրագրի բնույթը:
«Երբ 2008-ին Վրաստանի տարածքը ռմբակոծվեց կասետային ռումբերով, ոչ մի դասագրքում գրված չէր, որ երեխաները պետք է հեռու մնան դրանցից, եւ նրանք պետք է իմանան սա: Ահա թե ինչ մտադրություն ունի նախագահը», - նշել է Շաշկինը:
Սահակաշվիլին նշանակալի բարեփոխումներ է կատարել վրացական բանակում 2003-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Նա ավելացրել է բանակի բյուջեն, վերացրել պարտադիր զինվորական ծառայությունը եւ նոր զինվորներ հավաքագրել. այս նոր դասերը կարող են համակարգի վերափոխման նրա ծրագրի մասը կազմել, սակայն մանրամասները դեռեւս պարզ չեն:
Դեռեւս անհայտ է, թե որ տարիքից են հաճախելու դասերին, շաբաթական քանի ժամ է դրանց հատկացվելու, ովքեր են դասավանդելու առարկան եւ ինչ են ուսուցանելու:
Կրթության նախարարության կողմից ստեղծված փորձագետների խումբը կներկայացնի այս վերաբերյալ մանրամասն ծրագիր, եւ դասերը կսկսվեն սեպտեմբերից Թբիլիսիում:
Խորհրդային տարիներին երեխաները դպրոցում շաբաթական մի քանի ժամ ռազմագիտության դասեր էին անցնում: Չնայած այդ դասերը «հայրենասիրական» չէին կոչվում, ինչպես ներկայում է նախատեսվում, Խորհրդային համակարգին ծանոթ վրացիները հիշում են, որ գնդացիրներ հավաքելուց եւ քանդելուց բացի, ուսուցիչները կրկնում էին. «Խորհրդային Միությունն անպարտելի է: Ամերիկան նրա ոխերիմ թշնամին է, եւ յուրաքանչյուր` Խորհրդային քաղաքացի պետք է պատրաստ լինի դիմադրել նրա ագրեսիային»:
Խորհրդային ժամանակներում մեծացած վրացիները չեն կարող չհամեմատել այս նոր դասերը իրենց սովորածի հետ:
«Մեզ սովորեցնում էին, որ Ամերիկան թշնամի է: Իսկ այժմ մեր երեխաներին կներշնչեն, որ թշնամին Ռուսաստանն է: Այսօր այն Վրաստանի թշնամին է, բայց ինչո՞ւ պետք է երեխան մեծանա մշտական զգացումով, որ հարձակում կլինի: Երեխան իր դասե՞րը պատրաստի, թե՞ թշնամիների մասին մտածի», - զարմանում է Թբիլիսիի 54-ամյա բնակիչ Վախթանգը:
Նրա կարծիքը շատերն են կիսում. այս մասին են վկայում նաեւ Facebook-ի նման սոցիալական ցանցերում հնչող քննարկումները:
«Երեխան կարող է սխալ կերպով յուրացնել այդ դասերի տրամադրած տեղեկատվությունը եւ դառնալ ռասիստ, ռուսաֆոբ կամ մարդատյաց», - գրել էր օգտվողներից մեկը`Մարինան, չնայած մյուսները հավանություն էին տալիս նախագահի ծրագրին:
«Ռուսաստանը մեր թշնամին է, եւ յուրաքանչյուր երեխա պետք է սա իմանա մանկուց: Ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում», - նշված էր մեկ այլ օգտատիրոջ`Լադայի գրառման մեջ:
Հասարակական հարցումների տվյալներով`Լադայի կարծիքը կիսողների թիվը մեծապես գերազանցում է Մարինայի զգուշավոր մոտեցման կողմնակիցների թվին: Հանրային հեռուստատեսության ծրագրերից մեկի ժամանակ հարցվողների 64 տոկոսը նշել էր, որ հավանություն է տալիս վրացական դպրոցներում նախատեսվող ռազմա-հայրենասիրական կրթությանը:
Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար եւ պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն նշում է, որ պետք է շատ ավելին անել`վրաց հասարակությանն իր երկրի եւ նրան սպասող սպառնալիքների մասին գիտելիքներ տալու համար:
«Երկիրը պետք է գիտակցի, որ իր առջեւ մեծ խնդիրներ կան: Ավելի մեծ ռազմականացում է անհրաժեշտ, եւ մեր առօրյա կյանքում եւս պետք է ավելի շատ տեղ հատկացվի հայրենասիրությանը: Իսկ դա չի երեւում փողոց դուրս գալիս, ռեստորան կամ հասարակական շինություն մուտք գործելիս», - ասում է Բարամիձեն:
Սակայն ուսուցիչներն ավելի թերահավատորեն են տրամադրված, քան հասարակության լայն շերտերը: Ամերիկյան ակադեմիայում վրացերեն դասավանդող Լեւան Գիգինեիշվիլին խիստ կասկածում է ծրագրի հաջողությանը:
«Երեխաներին հնարավոր չէ հայրենասիրություն ներարկել», - համոզված է նա:
«Նախկինում հայրենասիրությունը դասավանդվում էր որպես առանձին առարկա, սակայն ուսուցման մեթոդիկան չարդարացրեց իրեն: Այն չափազանց արհեստական բնույթ էր կրում, երեխաները դա զգացել էին եւ հիասթափվել առարկայից»:
20-րդ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մզիա Բոլկվաձեն նույնպես նույնպես կասկածում է հայրենասիրությունը որպես առանձին առարկա դասավանդելու նախաձեռնության հաջողությանը: Նա նշում է, որ հայրենասիրական արժեքներ է ներշնչել երեխաներին վրացերեն լեզվի եւ գրականության դասերի ընթացքում եւ վախենում է, որ առանձին ռազմա-հայրենասիրական կրթությունը կարող է վտանգավոր լինել:
«Վախենում եմ`երեխաներն ավելի ագրեսիվ դառնան: Նրանք կարող են սկսել մտածել թշնամու կերպարի ստեղծման մասին»:
Որոշ Փորձագետներ էլ մտահոգվում են, որ կառավարությունը, հայրենասիրության դասերի պատրվակով քաղաքացիական պաշտպանությունը ներկայացնելով, իրականում երեխաներին սեփական գաղափարախոսությունը եւ ռազմական քարոզչությունն է սովորեցնում:
«Ցանկացած քաղաքական գաղափարախոսություն, նույնիսկ եթե դրան հարում է ողջ երկիրը, պետք է ազատ քննարկման առարկա լինի եւ ոչ թե աներկբայորեն ընդունվի», - ասում է Թբիլիսիի Իլյա Չավչավաձեի անվան համալսարանի դասախոս Սիմոն Ջանաշիան:
Մյուս մեկնաբաններն ավելի հեռու են գնում`համեմատելով այս նախաձեռնությունը եւ ժողովրդավարական բնույթի ճառերը, որոնցով նախագահը եկավ իշխանության 7 տարի առաջ:
«Ռազմա-հայրենասիրական կրթության ներմուծումը ցույց է տալիս, որ նախագահը վերջնականապես հրաժարվել է լիբերալ արժեքներից», - նշում է փիլիսոփայության պրոֆեսոր Զաալ Անդրոնիկաշվիլին:
«Ռազմական հայրենասիրությունը ծայրահեղ ազգայնական դրսեւորումներից մեկն է, որն արտաքին սպառնալիքներն օգտագործում է զանգվածներին մոբիլիզացնելու նպատակով: Ռազմա-հայրենասիրական նախապատրաստումը տոտալիտար վարչակարգին խիստ բնորոշ գործելակերպ է, որը նույն խանդավառությամբ օգտագործում էին թե´ ֆաշիստները, թե´ բոլշեւիկները»:
Աննա Կանդելակին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:

