Զգույշ, խաղալի՞ք է

17:07 | Փետրվար 04, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան շուկայում վաճառվող չինական, թուրքական եւ այլ երկրներից բերված խաղալիքների մեծ մասի որակն ու անվտանգությունը այսօր որեւէ կերպ չի վերահսկվում: Շատ խաղալիքների տուփերի վրա, ընդհանրապես, բացակայում է տվյալ ապրանքի` անվտանգության եւ որակի սերտիֆիկացիայի միջազգային եւ ազգային չափանիշներին համապատասխան լինելու նշանը, այսինքն, որ տվյալ խաղալիքը էկոլոգիապես անվտանգ է երեխայի համար:

Հարցման ենթարկված թե' վաճառողները, թե' գնորդները ընդհանրապես ծանոթ չէին այդ նշանին եւ չգիտեն` ինչ է նշանակում:

«Մեր գործը միայն վաճառելն է: Մեզ բերում են տալիս են, մենք էլ վաճառում ենք: Որքանո՞վ է այդ ապրանքը Էկոլոգիապես անվտանգ` դա մեր խնդիրը չէ», -նման պատասխան «Ա1+»-ը ստացավ գրեթե բոլոր խանութների տնօրեններից, որոնք նշեցին, թե հարցով պետք հենց սահմանում զբաղվեն մեծածախ առեւտրով զբաղվող իրենց մատակարարները:

Խաղալիքների խանութներից շատերում անվտանգության նշանը կարելի էր հանդիպել ոչ բոլոր տուփերի վրա, իսկ հատով վաճառվող պլաստմասե եւ ռետինե խաղալիքների որակի մասին մնում էր միայն կռահել: Նշագրումը չկար նաեւ փափուկ խաղալիքների վրա:

«Հիմնականում գնում ենք փափուկ խաղալիքներ, որ ռետինե կամ կաուչուկից չլինեն, քանի որ չգիտենք, ի՞նչ նյութից են դրանք պատրաստված»,-«Ա1+»-ին ասաց երեքամյա Գոհարկի մայր Նարինեն: «Երբ երեխային պլաստմասից կամ ռետինից խաղալիք են նվիրում` խուսափում եմ ձեռքը տալ: Չգիտեմ, թե որն է որակի եւ անվտանգության նշանը, սակայն, արդեն հետեւողական կլինեմ»,- ասաց մեկ այլ ծնող:

«Հայաստանում այսօր խաղալիքների ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն չկա: Ովքեր էլ ներկրում են` նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 70 միլիոն դրամը: Իսկ Կառավարության որոշմամբ, մենք չենք վերահսկում այդ գումարից ցածր շրջանառություն ունեցող ընկերություններին»,- նման պատասխան «Ա1+»-ին տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանը:

Նրա խոսքով դա է պատճառը, որ այդ առումով իրենք այսօր մատնված են հարկադիր պարապուրդի: «Շատ հնարավոր է, որ խաղալիքներից վնասների դեպքեր լինեն, սակայն, դրանցով քչերն են հետաքրքրվում, քանի որ համապատասխան լուսաբանում չի տրվում»,- ասաց նա:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» Հ/Կ նախագահ Աբգար Եղոյանը, հակառակը` համոզված է, որ խաղալիքների խոշոր ներկրողներ մեր երկրում կան: Նրանք, սակայն որակի առումով հետեւողական չեն:

«Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է ամեն ինչ վերահսկել: Այսքան խաղալիքների առատությունը մեր շուկայում եւ գումարած մենաշնորհը, տեղիք է տալիս կարծելու, որ կան մեծածախ առեւտուր անողներ, քանի որ դրանցով չեն կարող զբաղվել աղքատ եւ փոքր ֆինանսական ռեսուրսներ ունեցողները»,- «Ա1+»-ին ասաց նա:

Ըստ Աբգար Եղոյանի, վտանգավոր խաղալիքներից խուսափելու համար պետք է գործի այդ ապրանքների սերտիֆիկացման գործընթացը: «Կա համակարգ, որը չի գործում, իսկ արդյունքն այն է, որ մեր երեխաները ստանում են վտանգավոր խաղալիքներ»,- նկատեց նա:

Ըստ մասնագետների, վտանգավոր խաղալիքներ են համարվում ռետինից կամ կաուչուկից պատրաստվածները, սուր, կտրող ծայրերով խաղալիքները, կամ ոչ ջրակայուն ներկերով պատվածները: Ըստ վիճակագրության, լավագույն դեպքում դրանք երեխայի մոտ առաջացնում են ալերգիկ ռեակցիա, վատթարագույն դեպքում` քաղցկեղ:

Արխիվ
Rambler's Top100