ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր պետք է քններ «Չորրորդ իշխանություն» թերթի`«Օգոստոս» գործակալության բողոքն ընդդեմ «Գինդ» տպարանի:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը` Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը վերաբերում էր այն ապացույցներին, որոնք Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օբյեկտիվորեն ու բազմակողմանի չի հետազոտել:
Ըստ Էդգար Հովհաննիսյանի` «Գինդ» տպարանի կողմից իրենց ներկայացված տույժերն անհիմն հաշվարկների վրա են հիմնված:
«Վերաքննիչ ներկայացված մեր բողոքն հիմնավոր է, եւ այն պետք է բավարարվի: Պետք է գումարի բռնագանձման որոշումը բեկանվի ու նոր քննություն նշանակվի, գործը ետ գնա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով` «Գինդ» ՍՊԸ-ի քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի: Արդյունքում «Չորրորդ իշխանություն» թերթի պատասխանատու «Օգոստոս» գործակալությունից պետք է բռնագանձվեր 2 մլն 673 165 դրամը` իբրեւ պայմանագրերով սահմանված տպագրական ծառայությունների մատուցման համար չվճարված եւ դրա վրա հաշվարկված տույժի գումար:
Բացի այդ, թերթը «Չորրորդ իշխանություն» անվամբ ցանկացած տպարանում նորից կարող է տպագրվել միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, սակայն, այլ տպարաններում թերթի տպագրության հարցը չի բողոքարկվում: «Դա բողոքարկման ենթակա չէ»,- նշեց Էդգար Հովհաննիսյանը:
Դատական այսօրվա նիստին, որը նախագահում էր դատավոր Ամրահի Պետրոսյանը, մասնակցությամբ դատավորներ Կարեն Չիլինգարյանի եւ Նարինե Բարսեղյանի, «Գինդ» տպարանից ներկայացուցիչ չէր եկել: Դա հիմք հանդիսացավ, որպեսզի դատարանը նիստը հետաձգի, քանի որ «գործի քննությունը հնարավոր չէ իրականացնել առանց մյուս կողմի ներկայության»: «Դատարանի մոտ կան հարցեր` ուղղված տպարանին»,- հայտարարեց դատավոր Ամրահի Պետրոսյանը:
Դատական հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին կծանուցվի ավելի ուշ:

