«Ցանկացած գործընթացում փոխզիջումը անխուսափելի երևույթ է»,-հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Իսկ թե ո՞րն է լինելու Ադրբեջանի կողմից իրականացվող զիջումը, նա դժվարացավ պատասխանել: Չնշելով, թե Հայաստանի կողմից զիջումը որը կլինի, պատգամավորը նկատեց, թե Ադրբեջանի կողմից այդ կարող է լինել Շահումյանի շրջանի որոշ մասի վերադարձը, այն մասի, որն այժմյան ԼՂՀ տարածքում չէ:
Իսկ թե ինչու ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում, Հարությունյանը չասաց:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին` պատգամավորը նշեց. «Քանի դեռ զինադադար չի կնքվել, պատերազմը դեռ ավարտված չէ, և պատերազմ Ադրբեջանը չի սկսում, քանի որ համոզված է, որ այլևս զիջումներ չեն լինելու»:
Նա նաև համոզմունք հայտնեց, թե հայի մարտական ոգին բարձր է, իսկ պատերազմում այդ է հաղթանակի միակ գրավականը:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք բանտարկված ազատամարտիկների փաստը նպաստում է մարտական ոգին բարձր պահելուն, Հարությունյանը պատասխանեց. «Բարդ հարց եք տալիս: Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ էլ էին մեղադրվում ազատամարտիկներ: Համեմատությունը տեղին չէ, բայց ես իմ կողմից ամեն ինչ անում եմ արցախյան պատերազմում զոհված կամ վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու համար»:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե կոնկրետ ինչ է արել պարոն Հարությունյանը, նա նախ նեղսրտեց, որ հեռուստատեսությունների ներկայացուցիչները արդեն հեռացել են "Արցախ"ակումբից, հետո խորհուրդ տվեց կարդալ իր հոդվածներն ու գրքերը, որտեղ ամեն ինչ ներկայացված է:

